Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Դենիս Շմիգալի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում
Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանական նախարարի պաշտոնում Դենիս Շմիգալի նշանակմանը հավանություն է տվել։ Շմիգալի թեկնածությանը կողմ է քվեարկել 450 անդամ ունեցող խորհրդարանի մեծամասնությունը՝ 267 պատգամավոր։
Շմիգալը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վստահության համար և նշել, որ պատերազմի պայմաններում Պաշտպանության նախարարության ղեկավարումը մեծ պատիվ է, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն։
«Իմ հիմնական նպատակն ակնհայտ է՝ մարդիկ, զենք և համակարգ։ Գլխավոր ուշադրության կենտրոնում ուկրաինացի զինվորն է։ Լրիվ ապահովում, ժամանակին վճարումներ, հուսալի սարքավորումներ, բժշկական ծառայություններ։ Գլխավոր առաքելություններից է առաջիկա վեց ամսում ճակատում ուկրաինական արտադրության զենքի համամասնությունը 40%-ից հասցնել 50%-ի։ Մենք նախարարությունը կդարձնենք այնպիսի համակարգ, որը կգործի արագ, թափանցիկ և առանց բյուրոկրատիայի։ Միաժամանակ մենք կխորացնենք պաշտպանական ոլորտում համագործակցությունը ողջ աշխարհի հետ։ Մեր նպատակը ուժեղ ռազմական ուժի ստեղծումն է, որն ընդունակ կլինի ապահովել խաղաղություն և կանխել ապագայում ցանկացած ագրեսիա։ Ուկրաինան կդիմանա բոլոր մարտահրավերներին և կհաղթի։ Փառք Ուկրաինային», – հայտարարել է Շմիգալը։