Ուկրաինան պատրաստ է պատերազմին վերջ տալու բանակցություններին, բայց չի հանձնվի և չի ընդունի որևէ վերջնագիր. Դմիտրո Կուլեբա
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ պատերազմի ավարտի համար, սակայն չի հանձնվի և չի ստանա որևէ վերջնագիր, – Reuters-ը մեջբերում է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի խոսքերը։
Կուլեբան ասել է, որ հնարավոր կլինի փրկել խաղաղ բնակիչների կյանքը, եթե Ուկրաինան ունենար կործանիչներ, որոնք կհեշտացնեն երկարատև ռազմական շարասյունների ոչնչացումը։
«Մենք շարունակում ենք պայքարը։ Մենք պատրաստ ենք բանակցել, բայց չենք պատրաստվում ընդունել որևէ վերջնագիր և հանձնվել»,- ասել է Կուլեբան՝ նշելով, որ Ռուսաստանը «անընդունելի» պահանջներ է ներկայացնում։
Ըստ Կուլեբայի՝ Մարիուպոլ քաղաքը ներկայումս շրջափակման մեջ է, սակայն դեռ շարունակում է մնալ ուկրաինական վերահսկողության տակ։ Արտգործնախարարը հավելել է, որ Ուկրաինային ավելի շատ ռազմական մատակարարումներ են անհրաժեշտ, և որ չնայած վերջին պատժամիջոցներին, ավելի շատ քայլեր են անհրաժեշտ Ռուսաստանի տնտեսությանը հարվածելու համար։
«Որքան շատ ինքնաթիռ ունենանք, այնքան շատ խաղաղ բնակիչներ կարող ենք փրկել, քանի որ Ռուսաստանի հիմնական հարվածային ուժը օդում է, անկանոն հարձակումներ է իրականացնում։ Մենք կշարունակենք կռվել, և մեզ ավելի ու ավելի շատ զենք է հարկավոր», – ասել է Կուլեբան։
Բելառուսի մասին զրուցելիս ուկրաինացի դիվանագետն ասել է, որ կարծում է, որ պաշտոնական Մինսկը չի ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ չնայած Ռուսաստանի ճնշմանը:
«Ես կարծում եմ, որ նախագահ Լուկաշենկոն տեսնում է ռուսական բանակի կորուստները Ուկրաինայում և չի ցանկանում իր զորքերը ուղարկել այդ երկիր։ Մենք հասկանում ենք, որ նախագահ Պուտինը մեծ ճնշում է գործադրում նրա վրա»։
ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայում կիրառվող ռուսական մարտավարությունը նման է Սիրիայի պատերազմին։