Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Կալուգայի շրջանի վրա, տեղեկություններ են տարածվում նավթի պահեստի խոցման մասին
Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակվել է Ռուսաստանի Կալուգայի շրջանի վրա: «Telegram» ալիքները հաղորդում են նավթի պահեստավորման օբյեկտի վրա հարձակման մասին։
Կալուգայի շրջանի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել Լուդինովո քաղաքի արդյունաբերական ձեռնարկության տարածքում։ Շապշան չի հստակեցնում, թե որ ձեռնարկության մասին է խոսքը, չնայած ռուսական «Telegram» ալիքները հայտնում են տեղի նավթային պահեստում բռնկված հրդեհի մասին։
«Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը և փրկարար ծառայության անձնակազմը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան»,- գրել է Շապշան։
Մինչդեռ տեղի բնակիչները «SHOT» տելեգրամ-ալիքին հայտնել են, որ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում մի քանի պայթյուններ են լսվել քաղաքի գլխին, որից հետո «հրդեհ է բռնկվել տեղի նավթի պահեստի տարածքում»։
Սոցցանցերում կադրեր են տարածվում, որտեղ երևում է Լուդինովո քաղաքում ուժեղ հրդեհ և ծուխ: Լուդինովոյի ծայրամասում գտնվում է «Kaluganefteproduct» նավթի պահեստը, որն արդեն երեք անգամ հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից 2024 թվականին։