Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության մեղադրանքով
Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության և հատուկ հանձնարարությունների դեպարտամենտների աշխատակիցները «թեժ հետքի» վրա իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում դիտավորությամբ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1981 թվականին ծնված Զ.Ն.-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ Քարելիի մունիցիպալիտետի Բեբնիսի գյուղում 1981 թվականին ծնված Զ.Ն.-ն հրազենային կրակոցով սպանել է համագյուղացուն՝ 1975 թվականին ծնված Զ.Ի.-ին։ Տեղեկության ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, որոնց ուղղությամբ հանցագործը մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով վիրավորվել են Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի երկու աշխատակիցներ։ Երկուսն էլ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են կլինիկա։ Իրականացված քննչական գործողությունների արդյունքում Զ.Ն.-ն «թեժ հետքի» վրա ձերբակալվել է։ Քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ սպանության դեպքի առթիվ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով», — ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։