Ոստիկանությունը ձերբակալել է երեք օտարերկրյա քաղաքացու՝ սահմանն անօրինական կերպով հատելու և հրազեն ու զինամթերք անօրինական կերպով ձեռք բերելու, պահելու և կրելու համար
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, Թուրքիայի Հանրապետության երեք քաղաքացու ձերբակալել են՝ Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատման, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման եւ փոխադրման, ինչպես նաեւ այդ գործին օժանդակության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածներն են 1999 թ. ծնված Ի.Ջ., 1980 թ. ծնված Շ.Ի. եւ 2000 թ. ծնված Գ.Ի., որը Թուրքիայի Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցմամբ որոնվում է երկու անձի կանխամտածված սպանության մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ Ի.Ջ.-ն եւ Գ.Ի.-ն Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատել են՝ շրջանցելով սահմանային հսկողությունը։ Իրավապահները ձերբակալել են երեք մեղադրյալներին Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում՝ ավտոմեքենայով տեղաշարժվելու ժամանակ։
Ոստիկանությունը մեղադրյալներից ապացույցների տեսքով առգրավել է հրազեն եւ 13 փամփուշտ։ Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում մինչեւ 11 տարի։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ, 25-236-րդ եւ 236-րդ հոդվածներով», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։