Ոստիկանությունը Բրյուսելում ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ
Ոստիկանությունը Բրյուսելում ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

Ոստիկանությունը Բրյուսելում ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Մոբիլիզացվել են հատուկ նշանակության ուժեր։

Associated Press-ի փոխանցմամբ՝ ցուցարարները ծխային նռնակներ են նետել, որից հետո ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են։

Բողոքի ցույցերը խաթարել են Բելգիայի մայրաքաղաքի տրանսպորտը։

Այսօր Բրյուսելում և Բելգիայի այլ քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր և գործադուլներ։ Բողոքի ցույցերի կազմակերպիչները արհմիություններն էին։ Նրանք բողոքում էին Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերի կողմից առաջարկված կենսաթոշակային և առողջապահական ծախսերի կրճատման ծրագրի դեմ։

Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ցույցերին միացել է 150 հազար մարդ։

Միևնույն ժամանակ, Բրյուսել տանող բոլոր չվերթները չեղարկվել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով։