Ոստիկանությունը բլոգեր Դաուր Բուավայի մահվան գործով, անօգնական վիճակում թողնելու մեղադրանքով, օտարերկրյա քաղաքացու է ձերբակալել

12:43, 29.08.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները Դաուր Բուավայի մահվան փաստի առթիվ հարուցված քննության շրջանակներում անօգնական վիճակում թողնելու մեղադրանքով օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն:

Գերատեսչության փոխանցմամբ՝ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ (ինքնասպանության հասցնելը) և 128-րդ (անօգնական վիճակում թողնելը) հոդվածներով, գործով շարունակվում են համապատասխան համալիր քննչական գործողությունները:

«Իրականացված քննությամբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ձերբակալված օտարերկրյա քաղաքացին և Դաուր Բուավան ընկերներ են եղել: Նրանք Թբիլիսիում՝ Դիդի Դիղոմիում, Դաուր Բուավայի ժամանակավոր բնակության բնակարանում միասին են գտնվել, որտեղ թմրամիջոց են օգտագործել, ինչից հետո երկուսի ինքնազգացողությունն էլ վատացել է:

Մեղադրյալի հարցաքննության արդյունքում պարզվում է, որ վատ ինքնազգացողություն ունեցող Դաուր Բուավային, ով գտնվում էր կրիտիկորեն ծանր և կյանքի համար վտանգավոր վիճակում, նա մենակ է թողել: Մասնավորապես, մեղադրյալը բնակարանի դուռը երկրորդ բանալիով դրսից փակել է և հեռացել պատահարի վայրից այնպես, որ տեղի ունեցածի մասին ոչ ոքի չի հայտնել և Դաուր Բուավային օգնելու համար ոչ մեկին չի դիմել», – ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ի գիտություն՝ բլոգեր Դաուր Բուավային օգոստոսի 28-ին մահացած են գտել սեփական բնակարանում: Առկա տեղեկատվությամբ՝ Բուավան, հավանաբար, մի քանի օրվա մահացած է եղել: Դին գտել են այն բանից հետո, երբ հարևանները փրկարար ծառայություն են կանչել:

Նմանատիպ