Որոշեցի, լքել բոլոր զբաղեցրած պաշտոնները և դուրս գալ կուսակցությունից. Գրիգոլ Վաշաձե
Ես որոշել եմ հրաժարվել բոլոր պաշտոններից և դուրս գալ կուսակցությունից,- այս մասին սոցցանցում գրել է «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն:
«Այս քայլը չափազանց դժվար կլինի ինձ համար, սակայն ես այլ լուծում չեմ տեսնում: 2017 թվականի հունվարից, չորս տարի շարունակ փորձում էի անել հնարավորինը, իմ ուժերի շրջանակներում, այն բանի համար, որ կուսակցությունն աճեր, նրա դիրքերը ամրապնդվեյին, մնար հիմնական ընդդիմադիր միությունը և արդյունքում Վրաստանի քաղաքացիներից ստանար իշխանություն վերադառնալու մանդատ:
Կարծում եմ, որ մենք շատ բանի ենք հասել, սակայն կան փաստեր, որոնք ես կտրականապես չեմ կարող հանդուրժել: Ես համաձայն չեմ կուսակցության ղեկավարության մեծամասնության կողմից, առանց կուսակցության անդամների հետ հաղորդակցելու որոշումներ կայացնելու հետ: Ինձ համար էլ ավելի անընդունելի է կուսակցական ռազմավարության բացակայությունը: Դա ձեռնատու է միայն «Վրացական երազանքին»: Ես չեմ կարող հանդուրժել այն փաստին, որ կուսակցության շուրջ և ներսում հայտնվել են այնպիսի գործիչներ, որոնց մենք վաղուց կարծես անցյալի ենք հանձնել և որոնց հետ մենք երբեք, կրկնում եմ, երբեք չենք կարող ստանալ ընտրողի վստահությունը:
Անհնար է, խոր վրդովմունք չառաջացնի մեր ռազմավարական դաշնակիցների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների դեմ հարձակումների և վիրավորանքների արշավը, ինչը պարզ չէ, թե ով և ինչ նպատակով է սկսել: Դրանով մեծ վնաս է հասցվում Վրաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի, Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ: Թվում է, թե այս արշավի մասնակիցները երբևէ չեն լսել, որ դեսպանի վրա հարձակումը նույնն է, ինչ հարձակումը նրա ներկայացրած պետության վրա, որն անկախության օրվանից Վրաստանի քաղաքացու հետ միասին պաշտպանում է մեր պետությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ներողություն եմ խնդրում մեր ընկերներից:
Ես չեմ շարունակի թվարկել խնդիրները, քանի որ կուսակցության անդամներն իրենք են խոսում դրանց մասին մասնավոր զրույցներում: Ինձ համար փոքրամասնություն լինելը կամ ընդհանրապես միայնակ լինելը խնդիր չէ: Խնդիրն այն է, որ ես չեմ կարող լինել այնտեղ, որտեղ սխալներ սովորելու հնարավորություն և ցանկություն չեմ տեսնում:
Գուցե ես սխալվում եմ: Վստահեք ապագային: Կարծում եմ, շատ շուտով ապագան կդատի:
Ես մեծ խնդրանք ունեմ մեր հարգարժան լրագրողներին, մի ստիպեք ինձ անջատել հեռախոսը: Ես չեմ պատրաստվում հարցազրույցներ կամ մեկնաբանություններ տալ, ոչ էլ մասնակցել թոք շոուների:
Ես սիրով հրաժեշտ եմ տալիս կուսակցության անդամներին և մաղթում եմ, որ շատ շուտ հասնեն երկար սպասված հաղթանակին»,- գրել է Գրիգոլ Վաշաձեն «Ֆեյսբուքում»: