Վոլոդիմիր Զելենսկի․ «Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 890 քառակուսի կիլոմետր և կորցրել 270 000 զինվոր․ այս տարածքը շատ ավելի քիչ է, քանի որ նախկինում Ռուսաստանը տարեկան զբաղեցնում էր մոտ 3-4 հազար կիլոմետր»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ Ռուսաստանը 2026 թվականին, Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմի ընթացքում, զբաղեցրել է Ուկրաինայի տարածքի մոտ 890 քառակուսի կիլոմետրը, իսկ Ուկրաինային հաջողվել է ազատագրել 800 քառակուսի կիլոմետր։
«Դա նշանակում է, որ Պուտինը տարբեր ուղղություններով մեկ տարվա ընթացքում լրացուցիչ 90 կամ, եկեք ասենք, 100 կիլոմետր է ձեռք բերել։ Դա շատ ավելի քիչ է, քան նախկինում էր, երբ նրանք տարեկան մոտ 3-4 հազար կիլոմետր էին գրավում», – հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կորցրել է 270 000 զինվորական։
«Ինչպես տեսնում եք, այդ 100 կիլոմետրի համար վճարված գինն այնքան բարձր է, որ Պուտինը ո՛չ հաղթում է, ո՛չ էլ պարտվում», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկիի խոսքով՝ մարտի դաշտում իրավիճակը «գրեթե ամբողջությամբ կանգ է առել»՝ չնայած նրան, որ Պուտինը խոսում է ռուսական բանակի հաջողությունների մասին։
«Պուտինը շատ է խոսում մարտի դաշտում Ռուսաստանի հաջողությունների մասին, բայց մենք նաև հասկանում ենք, որ նրա գեներալները ճշմարտությունը չեն ասում նրան», – հայտարարել է Զելենսկին։
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահը, Պուտինի համար պատերազմում մարդկային կորուստները «պարտություն չեն նշանակում», այնուամենայնիվ նա նշել է, որ ռուսական հասարակությունը կորցնում է մարդկանց ու փողեր և «բարձր գին է վճարում» Ուկրաինայի տարածքից լրացուցիչ 100 կիլոմետր գրավելու համար։