Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հայտարարել է Զելենսկին հանդիպումից առաջ, այցի ընթացքում կողմերը կաշխատեն Ուկրաինայի և Ադրբեջանի միջև հինգ միջպետական ​​համաձայնագրերի շուրջ։ Բացի այդ, ըստ նրա, քննարկվում են համագործակցության հարցեր պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։

«Կարծում եմ՝ սա ինչ-որ նշանակություն ունի՝ թե՛ համագործակցության, թե՛ քաղաքականության և թե՛ աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Այսօր մենք կաշխատենք Ուկրաինայի և Ադրբեջանի միջև հինգ միջպետական ​​համաձայնագրերի վրա», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին նշել է, որ հանդիպել է ուկրաինացի փորձագետների խմբի հետ, որն ուղարկվել է Ադրբեջան՝ օդային պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման նպատակով։

«Ադրբեջան կատարած այցս սկսել եմ մեր փորձագետների խմբի հետ հանդիպումով, որոնք կիսվում են Ուկրաինայի փորձով երկնքի պաշտպանության հարցում։ Ուկրաինան միշտ հավատարիմ է համագործակցությանը, որն ուժեղացնում է ինչպես մեր գործընկերներին, այնպես էլ մեզ։ Մենք անվտանգության ոլորտում ունենք եզակի փորձ, որը կարող է օգտակար լինել նաև այլ երկրների համար։ Մենք արդեն աշխատում ենք երեք ուղղություններով՝ Մերձավոր Արևելք և Պարսից ծոցի տարածաշրջան, Եվրամիություն և էական աշխատանք Ադրբեջանի հետ։ Բացի անվտանգությունից, այսօր մենք կաշխատենք էներգետիկայի, տնտեսության և հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցում։

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր սա Վլադիմիր Զելենսկիի առաջին այցն է Ադրբեջան։