Վոլոդիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին նշանակել է Գլխավոր հետախուզական վարչության պետ՝ փոխարինելով Կիրիլ Բուդանովին
Ուկրաինայի նախագահ Վոլոլդիմիր Զելենսկին Օլեգ Իվաշչենկոյին նշանակել է Գլխավոր հետախուզական վարչության պետ՝ փոխարինելով Կիրիլ Բուդանովին: Նախկինում Իվաշչենկոն ղեկավարում էր Արտաքին հետախուզության ծառայությունը։
«Այսօրվանից Օլեգ Իվաշչենկոն կշարունակի ծառայել մեր երկրին և կատարել Ռուսաստանի ռազմական ներուժի սահմանափակման խնդիրը», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։
Ինչպես նշել է Զելենսկին, Իվաշչենկոյի հետ հանդիպման ժամանակ նա նրան տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինայում տիրող ընդհանուր իրավիճակի և առկա սպառնալիքների մասին։
«Մենք շարունակելու ենք կենտրոնանալ Ռուսաստանի տնտեսական ներուժի կրճատման վրա. որքան քիչ ագրեսորը արտադրի, այնքան շատ հնարավորություններ կլինեն դիվանագիտության համար։ Սա հատկապես վերաբերում է ռուսական նավթի արտահանմանը, որը կսահմանափակվի և կդառնա ավելի էժան։ Մենք նմանատիպ մոտեցում ենք որդեգրում ռուսական ռազմական արտադրության նկատմամբ։ Որքան շատ խզենք ագրեսորի կապերը աշխարհի հետ և նրա պատժամիջոցները խախտելու սխեմաները, այնքան մեծ կլինի պատերազմը դադարեցնելու փորձերի ներուժը։ Ես շնորհակալ եմ Անվտանգության ծառայությանը այս ոլորտում իր աշխատանքի և համապատասխան տեղեկատվության համար», – նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիրիլ Բուդանովին նշանակել էր գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Նախագահի խոսքով՝ իր նոր պաշտոնում Բուդանովը կկենտրոնանա անվտանգության հարցերի, Ուկրաինայի պաշտպանական ուժերի և անվտանգության զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա։
Ինքը՝ Բուդանովը, ասել է, որ ընդունել է Զելենսկու առաջարկը և նշել, որ իր աշխատանքը կկենտրոնանա «ռազմավարական անվտանգության կարևորագույն հարցերի» վրա։