Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են ակտիվ պաշտպանական գործողությունները Կուրսկի և Բելգորոդի մարզերում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են ակտիվ պաշտպանական գործողությունները Ռուսաստանի Կուրսկի և Բելգորոդի մարզերում։ Զելենսկին այս մասին գրել է Telegram-ում՝ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը լսելուց հետո։
«Շատ ուղղություններով իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Միայն օրվա առաջին կեսին մեր դիրքերի վրա ռուսական զորքերի կողմից ձեռնարկվել է գրեթե 70 հարձակում։ Մարտերը շարունակվում են։ Օկուպանտը շարունակում է հարձակման փորձերը», – նշել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ բախումների մեծ մասը տեղի է ունեցել Պոկրովսկի, Կրամատորսկի, Լիմանսկի և Կուրսկի ուղղությամբ։
«Մեր զինվորականները շարունակում են ակտիվ պաշտպանական գործողությունները Կուրսկի և Բելգորոդի մարզերի որոշակի տարածքներում», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը և ռուսական բանակի իրական ակտիվությունը հաստատում են, որ Ռուսաստանի վրա ներկայիս համաշխարհային ճնշումը բավարար չէ պատերազմը դադարեցնելու համար։
«Մեզ անհրաժեշտ է ավելի շոշափելի ճնշում Ռուսաստանի վրա՝ իրական դիվանագիտության համար ավելի շատ հնարավորություններ ընձեռելու համար։ Շնորհակալություն աշխարհի բոլոր նրանց, ովքեր կանգնած են Ուկրաինայի կողքին», – նշում է Վոլոդիմիր Զելենսկին։
Հիշեցնում ենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Կուրսկի մարզի նկատմամբ ռուսական բանակի կողմից վերահսկողությունը լիակատար վերականգնելու մասին։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հերքել է այս տեղեկատվությունը։