Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ բանակցային խմբին հանձնարարել է ավարտել ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի մշակումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է բանակցային խմբին ավարտել ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի մշակումը և այն ներկայացնել երկու երկրների նախագահների քննարկմանը։
Ինչպես գրում է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում, նա խմբի հետ քննարկել է ամերիկյան կողմի հետ հանդիպումների ժամանակացույցը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի «հնարավոր ստորագրումը»։
Նրա խոսքով՝ երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, փոխվարչապետ Տարաս Կաչկային և էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլևին հանձնարարվել է ներկայացնել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ապագա համաձայնագրերի «բոլոր տնտեսական ասպեկտների փորձագիտական վերլուծություն»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը ռուսական կողմից պատերազմի ավարտի վերաբերյալ «հստակ արձագանք» է ակնկալում, հակառակ դեպքում Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։
«Մենք հասկանում ենք, որ ամերիկյան կողմը Ռուսաստանի հետ շփվում է պատերազմի ավարտի հիմնական քաղաքական շրջանակի վերաբերյալ։ Մենք ձևակերպել ենք մեր տեսլականը, և Ռուսաստանից պետք է լինի հստակ պատասխան այն մասին, թե արդյոք նրանք պատրաստ են իրականում ավարտել պատերազմը։ Եթե նման պատրաստակամություն չկա, ապա ագրեսորի վրա ճնշումը պետք է շարունակվի», – սոցիալական ցանցերում գրել է Վոլոդիմիր Զելենսկին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2025 թվականին չեղարկել է ավելի քան 100,000 օտարերկրյա վիզա, ինչը կրկնակի ավելի է, քան 2024 թվականին։