Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերն այսօրվա դրությամբ ազատագրել են 1028 բնակավայր, ևս 2621-ը մնում է օկուպացված
Այսօրվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են 1028 բնակավայր, ևս 2621-ը մնում է օկուպացված, իր ամենօրյա ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը զգալի նյութատեխնիկական կորուստ է կրել, և ռուսական բանակը գնալով դժվարանում է պահպանել գրավյալ տարածքները։
Միաժամանակ, Ուկրաինայի առաջնորդի խոսքով, Ռուսաստանը օկուպացված տարածքներում բնակվող բնակչությանը տեղեկատվական վակուումի մեջ է պահում և ստեր է տարածում Ուկրաինայի մասին։ Ուստի Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին իրական տեղեկատվություն և ճշմարտություն տրամադրել օկուպացիայի տակ ապրող բնակչությանը։
«Ռուսական բանակի համար գնալով դժվարանում է պահպանել դիրքերը գրավված տարածքներում։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում՝ ոչնչացնելով օկուպանտների մատակարարման շղթան, գտնելով և չեզոքացնելով համագործակիցներ։ Հեռանկարը պարզ է՝ մեր բոլոր քաղաքներում ու գյուղերում ծածանվում է Ուկրաինայի դրոշը։ Դա ընդամենը ժամանակի հարց է։ Եվ քանի դեռ այս ժամանակը տևում է, քանի դեռ Ռուսաստանը կարող է ոչնչացնել կյանքը Ուկրաինայում, մի մոռացեք տեղեկատվական և էմոցիոնալ աջակցություն ցուցաբերել օկուպացված տարածքներում գտնվող մեր ժողովրդին: Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է օկուպանտներից ազատագրել 1028 գյուղ։ Եվս 2621-ը գտնվում է զավթիչների վերահսկողության տակ։ Եվ այնտեղ մենք պետք է տեղեկատվական կապ պահպանենք բոլորի հետ»,- ասել է Զելենսկին։