Վոլոդիմիր Զելենսկի. Միայն նրանք, ովքեր չեն հասկանում պատերազմի ժամանակակից տեխնոլոգիական վիճակը, առաջարկում են բուֆերային գոտի, այն չի արտացոլում ժամանակակից պատերազմի իրականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ուկրաինայի և ռուսական ուժերի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակում բուֆերային գոտու ստեղծման առաջարկը՝ հայտարարելով, որ դա չի համապատասխանում ժամանակակից պատերազմի իրականությանը։
«Միայն նրանք, ովքեր չեն հասկանում պատերազմի տեխնոլոգիական ներկա վիճակը, կարող են առաջարկել բուֆերային գոտու ստեղծում», – հայտարարել է Զելենսկին լրագրողներին։
Նրա մեկնաբանությունը հնչել է «Պոլիտիկո» պարբերականի այն հաղորդումից հետո, ըստ որի՝ եվրոպացի առաջնորդները քննարկում էին 40 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծումը՝ որպես հրադադարի և երկարաժամկետ համաձայնագրի մաս։
Սակայն Զելենսկու խոսքով՝ արդեն իսկ գոյություն ունի մի տարածք ճակատային գծի երկու կողմերում, որտեղ ծանր հրետանի չի կարող գործել անօդաչու թռչող սարքերի հարվածի վտանգի պատճառով։
«Այսօր մեր ծանր զենքերը տեղակայված են միմյանցից ավելի քան 10 կմ հեռավորությամբ, քանի որ ամեն ինչ գտնվում է դրոնների հարվածի տակ», – նշել է Ուկրաինայի նախագահը։
«Սա հենց բուֆերային գոտին է։ Ես այն անվանում եմ “մահվան գոտի”, ոմանք այն անվանում են “մոխրագույն գոտի”։ Այն արդեն գոյություն ունի», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ նման համաձայնագիր, որը ենթադրում է բուֆերային գոտու ստեղծում, կարող է նշանակել նաև, որ Ուկրաինան պետք է զիջի որոշ տարածքներ, ինչը նա մերժում է։ «Եթե Ռուսաստանը ցանկանում է մեզնից ավելի մեծ հեռավորություն, նրանք կարող են նահանջել Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքների խորքը», – հավելել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ դիվանագիտությանն ու պարզապես ձգձգում է պատերազմի ավարտը։