Վոլոդիմիր Զելենսկի. Մենք պետք է համատեղ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել իր ագրեսիան, անհրաժեշտ են վճռական միջոցներ, պատժամիջոցները պետք է անընդհատ ուժեղացվեն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարյուրավոր հարձակումներ է իրականացրել անցած շաբաթվա ընթացքում։ Տուժել են Չեռնիգովի, Խերսոնի, Դոնեցկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Պոլտավայի, Կիևի, Նիկոլաևի, Զապորոժիեի և Սումիի շրջանները։
«Սա միանշանակ նրանց պահվածքը չէ, ովքեր ցանկանում են ժամանակին ավարտել պատերազմը։ Ուստի մենք պետք է համատեղ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ ստիպելու նրան դադարեցնել իր ագրեսիան։ Անհրաժեշտ են վճռական միջոցներ, մասնավորապես պատժամիջոցներ, որոնք ոչ միայն պետք է պահպանվեն, այլև մշտապես ուժեղացվեն»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Եվրոպան, Ամերիկան և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խաղաղություն, կարող են ապահովել արդար և կայուն խաղաղություն։