Վոլոդիմիր Զելենսկի. Մենք պատրաստ ենք գազ և նավթ մատակարարել Սլովակիային, եթե այն ռուսական չէ, որովհետև մենք պատերազմ ունենք, վերջ
Վոլոդիմիր Զելենսկի. Մենք պատրաստ ենք գազ և նավթ մատակարարել Սլովակիային, եթե այն ռուսական չէ, որովհետև մենք պատերազմ ունենք, վերջ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան պատրաստ է Սլովակիային նավթ և գազ մատակարարել, սակայն ոչ ռուսական ծագման։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ուժգորոդում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սլովակիայի վարչապետի՝ պարոն Ֆիցոյի հետ քննարկեցինք էներգետիկ հարցեր։ Մենք պատրաստ ենք Սլովակիային մատակարարել գազ և նավթ, եթե դրանք ռուսական չեն, քանի որ մենք պատերազմի մեջ ենք։ Կետ», – ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով, այժմ Ուկրաինան արձագանքում է Ռուսաստանի հարվածներին էներգետիկ օբյեկտների նկատմամբ։

«Եվ մենք շարունակելու ենք արձագանքել, թեև ուզում ենք, որ այս պատերազմը ավարտվի», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ օգոստոսին ուկրաինական ուժերը մի քանի անգամ հարվածել են «Դրուժբա» նավթամուղին, որով ռուսական նավթը մատակարարվում է Սլովակիային և Հունգարիային։ Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Սլովակիան կմիանա անվտանգության երաշխիքների ապահովման գործընթացին։

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը, և լավ է, որ Սլովակիան պատրաստ է ձևակերպել իր դիրքորոշումը այս հարցի շուրջ և բաց է մեր հետ երկխոսության համար», – ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով, ինքը հույս ունի, որ Սլովակիան կսատարի Ուկրաինայի խաղաղությանն ուղղված ջանքերը, և որ Ռոբերտ Ֆիցոյից ստացել է խոստում՝ աշխատելու հանուն խաղաղության։ Ուկրաինայի ղեկավարի հայտարարությամբ, ճիշտ կլինի, որ Սլովակիան նույնպես լինի անվտանգության նոր համակարգի մի մասը։