Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլն Ադրբեջանում անցկացնելու նախաձեռնությամբ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը պատրաստ կլինի Ադրբեջանում բանակցությունների, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության։
«Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանն ուժ գտնի վերջ տալու այս անարդար պատերազմին։ Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների դերը այս գործընթացի միջնորդության հարցում։ Մենք Ադրբեջանի նախագահին հայտնել ենք եռակողմ բանակցությունների մեր պատրաստակամության մասին», – նշել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության համաձայն՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել է վեց փաստաթուղթ, որոնց մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
«Մենք անպայման կզարգացնենք մեր համագործակցությունը և համատեղ արտադրությունը։ Սրանք շատ կարևոր ոլորտներ են, որոնք անպայման կմեծացնեն մեր երկրների, մեր ժողովուրդների անվտանգությունը և առևտրաշրջանառությունը, որի աճը մենք իսկապես ցանկանում ենք», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատերազմի ժամանակ ցուցաբերած օգնության համար։ Զելենսկու խոսքով՝ պատերազմի ընթացքում Ուկրաինան Ադրբեջանից ստացել է օգնության 11 փաթեթ։
«Դուք օգնում եք մեր երեխաներին։ Մեր երեխաները ռազմաճակատի գծի շրջաններից են։ Նրանք տառապանք են կրել, տուժել են պատերազմից։ Ավելի քան հինգ հարյուր ուկրաինացի երեխա այստեղ է, և մենք երախտապարտ ենք ձեզ այս աջակցության համար», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ երկրները կարող են անվտանգության ոլորտում խորը համագործակցություն հաստատել, և այդ նպատակին հասնելու համար շատ աշխատանք կա անելու։
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրը զարգանում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում, և առկա են շատ լավ հնարավորություններ համատեղ արտադրության և, ընդհանուր առմամբ, արդյունաբերական ոլորտում համատեղ գործունեության համար։ Խոսելով էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ՍՈԿԱՐ» ընկերությունն արդեն երկար տարիներ հաջողությամբ գործում է Ուկրաինայում, և միևնույն ժամանակ կան շատ լավ հեռանկարներ։