Վոլոդիմիր Զելենսկի – Կիև-Պեչերսկի Լավրայի Աստվածածնի Վերափոխման տաճարում բռնկված հրդեհը Ռուսաստանի կողմից քրիստոնեական մշակույթի դեմ ուղղված ամենալուրջ հանցագործություններից մեկն է
Կիև-Պեչերսկ Լավրայի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարում ռուսական հարվածի հետևանքով բռնկված հրդեհը Ռուսաստանի կողմից քրիստոնեական մշակույթի դեմ կատարված ամենածանր հանցագործություններից մեկն է, գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
Զելենսկիի խոսքով՝ շարունակվում են աշխատանքները ռուսական լայնածավալ հարձակումների հետևանքների վերացման ուղղությամբ, այդ թվում՝ Կիևում և Խարկովում։
Ինչպես նշել է Զելենսկին, միայն մայրաքաղաքի ուղղությամբ Ռուսաստանը արձակել է ավելի քան 60 հրթիռ, մինչդեռ Ուկրաինայի դեմ օգտագործվել է ընդհանուր առմամբ 70 հրթիռ և 611 անօդաչու թռչող սարք։
«Մայրաքաղաքում վիրավորվել է 28 մարդ, իսկ չորսը՝ մահացել։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին և սիրելիներին։ Կիև-Պեչերսկ Լավրայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով հրդեհվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը։ Եկեղեցի, որի պատմությունը սկիզբ է առնում 11-րդ դարից։ Սա Ռուսաստանի կողմից մինչ օրս քրիստոնեական մշակույթի դեմ կատարված ամենածանր հանցագործություններից մեկն է», – գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը մարել է տաճարի տանիքում բռնկված հրդեհը։
Զելենսկին նաև խոսել է Խարկովի վրա հարձակման մասին՝ ասելով, որ Ռուսաստանը բազմիցս հարձակումներ է գործել ուկրաինացի փրկարարների վրա, որոնք փորձում էին մարել արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհը հարձակման հետևանքով։ Նա ասել է, որ ներկայիս տվյալներով Խարկովում զոհվել է հինգ մարդ, ինը վիրավորվել է։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Դնեպրի երկաթուղային կայարանի, քոլեջի և մի քանի ձեռնարկությունների տարածքին։ Նրա խոսքով՝ այս հարձակումները ցույց են տալիս Ռուսաստանի մտադրությունը՝ շարունակել պատերազմը։
«Շատ կարևոր է, որ G7 երկրների ղեկավարները, որոնք այժմ հավաքվում են գագաթնաժողովին, պատասխան տան։ Այս պատասխանը պետք է լինի վճռական և էական. ավելի շատ ճնշում ագրեսորի վրա և ավելի շատ աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը, հատկապես բալիստիկ սպառնալիքների դեմ», – գրել է Ուկրաինայի նախագահը։