Վոլոդիմիր Զելենսկի. ԱՄՆ-ն չհամաձայնեց փոխզիջումային առաջարկին, որի կատարման դեպքում Ուկրաինան կդադարեցներ հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

17:56, 16.10.2026
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն համաձայնել փոխզիջումային առաջարկին, որի կատարման դեպքում Ուկրաինան կդադարեցներ հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։
Այս մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիզելի շուրջ համաձայնության մասին Կիևը նախապես տեղեկացված չի եղել։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևի համար անընդունելի են այն համաձայնությունները, որոնք սահմանում են Ուկրաինայի գործողություններն առանց Ուկրաինայի հետ համաձայնեցման։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ամերիկյան կողմին առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը Ռուսաստանին չէր պարտադրում դադարեցնել պատասխան հարվածները։
«Իմ առաջարկն ամերիկյան կողմին հետևյալն էր․ լավ, մենք գործընկերներ ենք, և ձեզ անհրաժեշտ է, որ մենք դադարեցնենք հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Նույնիսկ եթե բոլոր վերլուծաբաններն ասում են, որ դա վառելիքի գնի վրա ազդեցություն չի ունենա, դուք միևնույն է համարում եք, որ դա անհրաժեշտ է։ Բայց քանի որ Ռուսաստանը շարունակելու է հարձակվել մեր էներգետիկ համակարգի վրա, տրամադրեք մեզ հակահրթիռային համակարգեր՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքը պաշտպանելու համար։ Շատ պետք չէ։ Միայն այն ժամանակահատվածի համար, քանի դեռ դա ձեզ անհրաժեշտ է։ Սակայն ես դա չստացա։ Զարմանալի է», – հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ