Վոլոդիմիր Զելենսկի. Ամերիկյան կողմից տեղեկատվություն ենք ստացել այս օրերին Մոսկվայում կայացած հանդիպումների մասին, ԱՄՆ-ն առաջարկում է լիովին իրատեսական տեսլական այն մասին, թե ինչ պետք է արվի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ ԱՄՆ-ն Կիևին տեղեկատվություն է փոխանցել վերջին օրերին Մոսկվայում կայացած մի շարք հանդիպումների մասին։
«Այսօր ամերիկյան կողմից տեղեկատվություն ենք ստացել այս օրերին Մոսկվայում կայացած հանդիպումների մասին։ Այնտեղ մի շարք հանդիպումներ են անցկացվել։ Երեկ խոսել ենք և հիմա էլ խոսում ենք ամերիկյան կողմի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում նրանց տեղեկատվության և Ռուսաստանի հետ զրուցելիս անհրաժեշտ տոնայնության համար։ Մենք գնահատում ենք այս քայլերի համակարգված բնույթը և այն, որ Ամերիկան առաջարկում է լիովին իրատեսական տեսլական այն մասին, թե ինչ է անհրաժեշտ և ինչ պետք է արվի։ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը։ Մենք պետք է ստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի դա տեղի ունենա», — տեսաուղերձում նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Բացի այդ, Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան ծրագրում է հաճախակիացնել հեռահար անօդաչու թռչող սարքերով հարվածները Ռուսաստանի տարածքին։ Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինան օրական հասցնում է միջինում ավելի քան 300 նման հարված, սակայն նպատակն է այդ ցուցանիշը հասցնել օրական 1 000 հարվածի։
«Կա կոնկրետ նպատակ, և մենք կկատարենք այդ առաջադրանքը», — հայտարարել է Զելենսկին։
Ի գիտություն՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռետկլիֆի Մոսկվա կատարած այցի մասին տեղեկատվությունը առաջինը տարածել էր «Ուոլ Սթրիթ Ջորնալը»։ Ավելի ուշ «Նյու Յորք Թայմսը» տեղեկացրեց, որ Ռետկլիֆի այցի նպատակն էր Ռուսաստանին անձամբ ծանոթացնել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ Վաշինգտոնի գնահատականին և խոսել պատերազմն ավարտելու նպատակով բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։