Ուկրաինայում այցով գտնվող Հնդկաստանի վարչապետը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին բանակցություններ սկսել
Ուկրաինայում այցով գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կիևին և Մոսկվային բանակցություններ սկսելու կոչ է արել։
Վարչապետի խոսքով՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով։ Այսօրվա այցը և՛ Հնդկաստանի, և՛ Ուկրաինայի ղեկավարները պատմական են անվանել։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Նարենդրա Մոդիի հետ զրույցի ընթացքում բարձրացվել է Ուկրաինայի երկրորդ խաղաղության գագաթնաժողովին Հնդկաստանի մասնակցության հարցը։ Հնդկաստանը նույնպես մասնակցել է առաջին գագաթնաժողովին, սակայն չի ստորագրել ամփոփիչ կոմյունիկեն։
Բացի այդ, առաջնորդները ստորագրել են համագործակցության համաձայնագրեր չորս տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բժշկության, գյուղատնտեսության, հումանիտար և մշակութային ոլորտներում։ Մինչ այդ Նարենդրա Մոդին և Վլադիմիր Զելենսկին հարգանքի տուրք են մատուցել ուկրաինական պատերազմի ժամանակ զոհված երեխաների հիշատակին։
Տեղեկության համար՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ուկրաինա կատարած այցից առաջ Լեհաստանում էր։ Մի քանի շաբաթ առաջ Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Ուկրաինայի նախագահը Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան «հիասթափեցնող» է գնահատել։