Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ օգոստոսի 21-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 641 անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով
Ուկրաինայի զինված ուժերում հայտարարում են, որ օգոստոսի 21-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով 641 անօդաչու թռչող սարք և հրթիռ։
Ռուսաստանի հիմնական թիրախներն եղել են Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող քաղաքներն ու բնակավայրերը։ Դրանց թվում է Լվովը, որտեղ մեկ մարդ զոհվել է։ Վնասվել են տասնյակ տներ։ Ռուսական դրոնները հարվածել են նաև Տրանսկարպատիայի շրջանի Մուկաչևո քաղաքին, ինչպես նաև Լուցկին։ Մուկաչևոյում վիրավորվել է 15 քաղաքացի։
BBC-ի տեղեկացմամբ՝ Մուկաչևոյում Ռուսաստանի հարվածի հետևանքով վնասվել է ամերիկյան «Ֆլեքս-Ուկրաինա» ընկերության գործարանը, որը արտադրում է էլեկտրատեխնիկա։
Այս հարձակմանը արձագանքել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանի հարվածների նպատակը ժողովրդի ահաբեկումն է։
«Մեր արևմտյան շրջանում գտնվող ամերիկյան խոշոր էլեկտրոնային արտադրողի օբյեկտին հարվածեց մեկ հրթիռ, ինչի հետևանքով առաջացավ լուրջ վնաս և զոհեր։ Սա բացառապես քաղաքացիական օբյեկտ է և ոչ մի կապ չունի պաշտպանական կամ ռազմական ոլորտի հետ։ Չկա որևէ ռազմական տրամաբանություն կամ անհրաժեշտություն․ սա ուղղված է միայն ահաբեկելուն՝ ժողովրդի, բիզնեսի և մեր երկրում նորմալ կյանքի դեմ», – գրել է Անդրեյ Սիբիխան։
BBC-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանը կրակել է առնվազն չորս «Կինժալ» տեսակի աերոբալիստիկ հրթիռ Ռովենի շրջանի ուղղությամբ։ Հարվածի թիրախ է դարձել Դուբնո քաղաքը։ Հարձակման ընթացքում կիրառվել են նաև տարբեր տեսակի թևավոր հրթիռներ։