Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ձերբակալվել է փողերի լվացման գործով
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը ձերբակալվել է փողերի լվացման գործով

Կիևի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին երկամսյա նախնական կալանք է սահմանել։

Դատարանը Երմակին գրավի վճարման հնարավորություն է թողել։ Գրավի գումարը կազմում է 140 միլիոն գրիվնա (3,2 միլիոն դոլար)։ Երմակը հայտարարել է, որ այդքան գումար չունի։ Անդրեյ Երմակի խոսքով՝ այդ հարցով փաստաբանը կխոսի իր ընկերների և ծանոթների հետ։

Գրավի վճարման դեպքում Երմակը պարտավոր կլինի չլքել Կիևը, հանձնել արտասահմանյան անձնագրերը և ձեռնպահ մնալ այս գործով անցնող մի քանի անձանց հետ հաղորդակցվելուց, այդ թվում՝ Տիմուր Մինդիչի, նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի և գուշակ Վերոնիկա Անիկեևայի հետ։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանական կողմը կարող է բողոքարկել դատարանի որոշումը հինգ օրվա ընթացքում։

Երմակը անցնում է այն գործով, որը վերաբերում է Կիևի մերձակայքում գտնվող «Դինաստիա» էլիտար համալիրի շինարարության ժամանակ 460 միլիոն գրիվնայի (10 միլիոն դոլար) փողերի լվացմանը։ Երմակը չի ընդունել մեղքը։ Անդրեյ Երմակի փաստաբանի խոսքով՝ դատախազության դիրքորոշումը հիմնված է միայն ենթադրությունների վրա։