Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կրկին գերիների փոխանակում է տեղի ունեցել

17:40, 12.06.2025

Ստամբուլյան համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում: Ուկրաինան վերադարձրել է ծանր հիվանդ և վիրավոր զինծառայողների ևս մեկ խումբ։

«Այսօր մեր բանակի զինվորները, Ազգային գվարդիայի անդամները և սահմանապահները վերադարձել են տուն: Բոլորը բուժման կարիք ունեն, և նրանց անպայման կտրամադրվի անհրաժեշտ օգնություն: Սա արդեն ծանր վիրավորների և ծանր հիվանդների վերադարձի երկրորդ փուլն է», – սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այսօր գերությունից ազատված ուկրաինացի զինծառայողներից մի քանիսը համարվում էին անհետ կորած: Ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը հայտնում է, որ ազատվածները կանցնեն ֆիզիկական և հոգեբանական վերականգնում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է ուկրաինական գերությունից զինծառայողների երրորդ խմբի վերադարձի մասին: Գերատեսչության տվյալներով՝ ազատված ռուս զինվորները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց կցուցաբերվի առաջնային օգնություն։

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են փոխանակել 18-ից 25 տարեկան բոլոր ծանր վիրավորներին և զինծառայողներին, ինչպես նաև զինծառայողների մարմինների վերադարձնել 6000-ը 6000-ի դիմաց սկզբունքով։

Հունիսի 11-ին Ուկրաինան վերադարձրեց 1212 զինծառայողի մարմիններ: Ավելի վաղ տեղի էր ունեցել 25 տարեկանից փոքր զինվորների, ինչպես նաև ծանր վիրավորների և հիվանդների փոխանակում: Ուկրաինական համակարգող շտաբը նշել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ազատ արձակվածների ճշգրիտ թիվը կհրապարակվի փոխանակման գործընթացի ավարտից հետո:

Նմանատիպ