Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար – Ուկրաինան հաջորդ շաբաթ պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն՝ քննարկելու նոր հանքային համաձայնագիրը

11:05, 07.04.2025

Ուկրաինան հաջորդ շաբաթ պատվիրակություն կուղարկի Վաշինգտոն՝ քննարկելու նոր հանքային պայմանագիրը: Այս մասին Associated Press-ին ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«ԱՄՆ-ի կողմից նոր համաձայնագրի նախագիծը ցույց է տալիս, որ դեռևս կա հիմնադրամ ստեղծելու կամ համատեղ ներդրումներ կատարելու մտադրություն»,- ասել է Սվիրիդենկոն։

Կիևի պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ։

«Այն, ինչ հիմա ունենք, փաստաթուղթ է, որն արտացոլում է ԱՄՆ գանձապետարանի իրավաբանական թիմի դիրքորոշումը, դա վերջնական տարբերակ չէ, դա միասնական դիրքորոշում չէ»,- նշում է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը։

Սվիրիդենկոյի խոսքով՝ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և շարունակեն երկխոսությունը։

«Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք բանակցություններից հետո համաձայնագրի վերջնական նախագիծը լիովին համապատասխանեցնելու մեր ռազմավարական շահերին»,- ասել է Սվիրիդենկոն։

Նմանատիպ