Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինական կողմը կոչ է անում Վրաստանի իշխանությանը Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ ​​բուժհաստատություն
Ուկրաինայի ԱԳՆ. Ուկրաինական կողմը կոչ է անում Վրաստանի իշխանությանը Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ ​​բուժհաստատություն

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման հետ։

Պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ գերատեսչությունը մտահոգված է Վրաստանում, Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիվանդանոցում գտնվող Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացմամբ։

«Ուկրաինական կողմը կրկնում է վրացական իշխանությանը ուղղված իր կոչը՝ Միխեիլ Սաակաշվիլիին ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն, մասնավորապես նրան տեղափոխել բազմապրոֆիլ ​​բուժհաստատություն շտապ օգնության համար», – ասվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, ըստ գերատեսչության, Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետները համաձայնության են սպասում այսօր Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու, համագործակցում են փաստաբանների, իրավապաշտպանների հետ և նրա հարազատների հետ կանոնավոր շփումներ ունեն:

«Ուկրաինան կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքների պաշտպանությանն ու նրա վերադարձին Ուկրաինա»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։