Ուկրաինական վերլուծական նախագիծ՝ DeepState. Ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի և Զապորոժիեի երկու գյուղեր
Ուկրաինական վերլուծական նախագիծ՝ DeepState. Ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի և Զապորոժիեի երկու գյուղեր

Ուկրաինական վերլուծական «DeepState» նախագծի տվյալներով՝ ռուսական զորքերը գրավել են երկու գյուղ Դոնեցկի և Զապորոժիեի մարզերում։ Ըստ պլատֆորմի՝ Ռուսաստանի բանակը գրավել է Կատերինիվկան՝ Դոնեցկի շրջանում, և Նովոմիկոլաևկան՝ Զապորոժիեում՝ միաժամանակ առաջ շարժվելով մի քանի ուղղություններով։

Բացի այդ, DeepState-ը նշում է, որ ռուսական բանակը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի շրջանում՝ Ալեքսանդրո-Կալինովեի և Լուչի մոտակայքում, ինչպես նաև Զապորոժիեում՝ Սլադկե, Նովոեե և Յաբլոչնոե գյուղերի մերձակայքում։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի ամենաակտիվ ուղղություններից մեկին՝ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) տվյալներով՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկի և Միռնոգրադի շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուկրաինական ուժերը փորձում են պահել իրենց դիրքերը, իսկ ռուսական օկուպացիոն ուժերը՝ առաջ շարժվել այդ տարածքում։

ISW-ը նաև հաղորդում է, որ ուկրաինական կողմը վերջերս ազատագրել է Ռոդինսկե գյուղը, որը գտնվում է Պոկրովսկի հյուսիսում։