Ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Մոսկվայի և Ռուսաստանի տասնյակ շրջանների վրա, մեկ մարդ զոհվել է
Ուկրաինական ուժերը գիշերը դրոններով հարձակում են իրականացրել Մոսկվայի, ինչպես նաև Ռուսաստանի տասնյակ շրջանների վրա։
Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը խոցել է 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 11-ը, որոնք ուղղվում էին Մոսկվայի ուղղությամբ։
Մոսկվայի չորս օդանավակայաններից երեքը՝ Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
Ամենաշատ դրոնները խոցվել են Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում։
Ինչպես գրում է «Reuters»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է միայն խոցված անօդաչու թռչող սարքերի քանակը։