Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն – Եվրոպայի և Չինաստանի պարտականությունն է աջակցել ուժեղ բարեփոխված առևտրային համակարգին, որն արդար է և հիմնված է հավասար պայմանների վրա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը Չինաստանին կոչ է արել բանակցությունների միջոցով լուծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծվող մաքսատուրքերի պատճառով առաջացած խնդիրները։
Ինչպես ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ հեռախոսազրույցում Ֆոն Դեր Լեյենը «ընդգծել է Եվրոպայի և Չինաստանի պատասխանատվությունը՝ որպես աշխարհի երկու խոշորագույն շուկաներ, աջակցելու ուժեղ բարեփոխված առևտրային համակարգին՝ հիմնված ազատ, արդար և հավասար պայմանների վրա»։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գրասենյակից հայտնում են, որ Եվրահանձնաժողովի նախագահը և Չինաստանի վարչապետը քննարկել են մաքսատուրքերի հետևանքով հնարավոր առևտրային փոփոխությունները վերահսկելու մեխանիզմի ստեղծումը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եվրամիությունը մտավախություն ունի, որ Չինաստանն իր էժանագին արտահանումները կարող է ուղղել դեպի Եվրոպա՝ ԱՄՆ-ի փոխարեն։