Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պատրաստվում է կադրային փոփոխություններ իրականացնել
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պատրաստվում է կադրային փոփոխություններ իրականացնել

Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստվում է կադրային փոփոխություններ իրականացնել:

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ փոփոխությունները կազդեն որոշ բրիգադների հրամանատարների վրա, և դա ուղղված է ուկրաինացի զինվորների կյանքի և առողջության պահպանմանը։

Իր իսկ հայտարարության համաձայն՝ իրավիճակը ռազմաճակատում ծանր է, բայց վերահսկելի։ Սիրսկին նշել է, որ շարունակում է աշխատել Արևելյան ճակատում։

«Երեք օրվա ընթացքում պարզ դարձավ, թե ինչու է պատահում, որ անձնակազմի և տեխնիկական հագեցվածության նույն ցուցանիշների պայմաններում որոշ բրիգադներ կարողանում են զսպել թշնամու հարձակումները և պաշտպանել իրենց դիրքերը, իսկ մյուսները՝ ոչ»,- ասել է Սիրսկին։

Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով, ռազմական հնարավորություններն առաջին հերթին կախված են բրիգադների հրամանատարից, նրա պատրաստվածության մակարդակից, փորձից և համարժեք, հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողությունից։

«Որոշ դեպքերում, երբ հրամանատարը չի կարողանում վերահսկել իրավիճակը և նրա գործողություններն ու հրամանները վտանգում են ենթակաների կյանքն ու առողջությունը, ես ստիպված կադրային որոշումներ եմ կայացնում», – ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Տեղեկության համար՝ փետրվարի 29-ին Ալեքսանդր Սիրսկին մեկնել է Դոնբաս։ Դրանց թվում Ավդեևկիի և Կուրախովի ուղղությամբ, որտեղ, ըստ նրա, բացահայտվել են որոշ հրամանատարների թույլ տված սխալները։ Իրավիճակը կայունացնելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հրաման է արձակել պահեստից զինամթերքի և նյութական լրացուցիչ ռեսուրսներ հատկացնելու մասին։