Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականին
Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականին, ինչը նշանակում է Ուկրաինայի կառավարության հրաժարականը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 258 պատգամավոր։
«Ուկրաինսկայա պրավդան», հղում անելով Վլադիմիր Զելենսկու թիմի աղբյուրներին, գրում է, որ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը, ինչից նա հրաժարվել է։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս առաջարկին Սվիրիդենկոն կտրուկ հրաժարվել է՝ ասելով. «Գրողի ծոցը գնաք»։
Տեղեկության համար հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Վլադիմիր Զելենսկին անոնսել էր կառավարական փոփոխություններ։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարեց պաշտոնը թողնելու մասին։
«Ես երախտապարտ եմ նախագահին վստահության և մեր թիմի աշխատանքի բարձր գնահատականի համար։ Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարել կառավարությունը Ուկրաինայի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջանում», – հայտարարել է Յուլիա Սվիրիդենկոն։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չնայած նոր վարչապետի վերջնական թեկնածուն դեռևս որոշված չէ, Ուկրաինայի իշխանություններն այս պահին դիտարկում են չորս թեկնածուի՝ «Նաֆտոգազի» խորհրդի նախագահ և «Ուկրնաֆտայի» տնօրեն Սերգեյ Կորեցկուն, էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալին, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովին։