Վլադիմիր Զելենսկի․ Սումիի վրա հարձակումը չի կարելի «սխալ» անվանել, ինչպես ասել է Թրամփը

11:44, 18.04.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի արձագանքը Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների վրա իրականացված հարձակումների վերաբերյալ։ Զելենսկին նշել է, որ Սումիի վրա հարձակումը «սխալ» գնահատելու մասին Թրամփի հայտարարությունը սխալ է։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մյուս գործընկերները շատ ավելի խիստ արձագանքեցին այդ փաստին։

«Կարծում եմ՝ վարչակազմի մեղմ արձագանքը վկայում է այն քաղաքականության շարունակության մասին, որը այսօր գոյություն ունի։ Կարծում եմ՝ նրանք կարծում են, որ հենց այդպիսի դիվանագիտությունն ու ձևաչափը կաշխատեն պատերազմի դադարեցման համար», – հայտարարել է Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Սումիի վրա հարձակումը չի կարելի «սխալ» անվանել, քանի որ այն իրականացվել է քաղաքի կենտրոնում, ոչ թե ռազմաճակատում։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի հարձակումը Սումիի վրա «սխալ» էր։

«Կարծում եմ՝ դա սարսափելի էր, և ինձ ասացին, որ նրանք սխալվել են։ Բայց կարծում եմ՝ դա սարսափելի է։ Կարծում եմ՝ ամբողջ պատերազմը սարսափելի է։ Կարծում եմ՝ այս պատերազմի սկիզբը իշխանության չարաշահում է։ Այս երկիրը երբեք չէր թողնի, որ այս պատերազմը սկսվեր, եթե ես լինեի նախագահ», – ասել է Թրամփը։

Նմանատիպ