Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու հետագա քայլերը
Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ Ֆրիդրիխ Մերցի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու հետագա քայլերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վերջին զարգացումները և համաձայնեցրել պատերազմի ավարտին ուղղված քայլերը։ Այս մասին Զելենսկին հայտնել է սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային օգնում է ռազմական, ֆինանսական և քաղաքական առումներով դեռ պատերազմի սկզբից։

«Պատերազմի ավարտի նպատակով ձեռնարկվող քայլերի վերաբերյալ ներկայացրի մեր վերջին աշխատանքի մանրամասները։ Մենք համակարգում ենք մեր գործողությունները, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն։ Երեկ մեր ուկրաինական թիմը վերադարձավ Ժնևից և ներկայացրեց հաշվետվություն՝ համաձայնագրի թարմացված ձևաչափի վերաբերյալ։ Մենք քննարկեցինք վերջին զարգացումները և համաձայնեցրինք մեր հաջորդ քայլերը», – գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում։

Նա նաև նշել է, որ շարունակվում է հաղորդակցությունը ամերիկյան կողմի հետ և իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ցուցաբերած ջանքերի համար։ Բացի այդ, Զելենսկու խոսքով, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Ցանկացողների կոալիցիայի» օրակարգին, որի համանախագահողներից մեկն է Գերմանիան։

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության համաձայնագիրը պահանջում է Եվրոպայի համաձայնությունը։

Նրա խոսքով՝ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային և ձգտում է հնարավորինս շուտ հասնել հրադադարի։

«Մենք ձգտում ենք հրադադարի, արդար և երկարատև խաղաղության Ուկրաինայի համար և անվտանգության՝ Եվրոպայի համար։ Ցանկացած պլան, որն ազդում է եվրոպական շահերի և ինքնիշխանության վրա, պահանջում է Եվրոպայի համաձայնությունը», – նշել է Մերցը։