Վլադիմիր Զելենսկին պատասխանում է Վլադիմիր Պուտինին. եթե ուզում եք, որ հանդիպումը չկայանա, ապա պետք է ինձ հրավիրեք Մոսկվա
Եթե ցանկանում ես, որ հանդիպումը չկայանա, ապա պետք է ինձ հրավիրես Մոսկվա, – այսպես արձագանքեց Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կայանա Մոսկվայում։
Ինչպես հայտարարեց Զելենսկին Ֆրանսիայում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի այդ հանդիպումը հետաձգի։
«Հանդիպումը անհրաժեշտ է։ Դա ցանկության հարց չէ, այլ՝ անհրաժեշտության։ Մենք աջակցում էինք ցանկացած ձևաչափի՝ եռակողմ և երկկողմ հանդիպումներին։ Կարծում եմ, որ Ռուսաստանը անում է ամեն բան՝ այն հետաձգելու համար։ Ամերիկացի գործընկերները ինձ փոխանցեցին, որ Պուտինը ինձ հրավիրել է Մոսկվա։ Կարծում եմ, եթե ցանկանում ես, որ հանդիպումը չկայանա, ապա պետք է ինձ Մոսկվա հրավիրես», – ասել է Զելենսկին։
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ վատ չէ այն փաստը, որ Պուտինը սկսել է խոսել նման հանդիպման մասին, սակայն, ըստ նրա, այս պահին չի երևում Ռուսաստանի ցանկությունը՝ ավարտելու պատերազմը։
«Մեծահասակ մարդիկ նման մակարդակի հանդիպումից պետք է որևէ արդյունքով դուրս գան, ցանկալի է՝ պատերազմի ավարտով», – ասել է նա։
Պեկինում իր այցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր հանդիպումը Զելենսկու հետ հնարավոր է կայանա Մոսկվայում։ Նա նաև կասկածի տակ է դրել նման հանդիպման անհրաժեշտությունը և կրկին հարցականի տակ է դրել Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը։ Պուտինը նաև հաստատել է, որ Զելենսկու հետ հանդիպումը իրեն խնդրել է Դոնալդ Թրամփը։