Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրոպան չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել առանց Ամերիկայի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրոպան չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել առանց Ամերիկայի։ Այս մասին Ուկրաինայի նախագահը խոսել է Guardian-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարի աջակցել Ուկրաինային, Եվրոպան միայնակ չի կարողանա լրացնել այդ բացը։
«Ոմանք ասում են, որ Եվրոպան կարող է անվտանգության երաշխիքներ առաջարկել առանց ամերիկացիների, իսկ ես միշտ «ոչ» եմ ասում։ Անվտանգության երաշխիքներն առանց Ամերիկայի անվտանգության իրական երաշխիքներ չեն»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ պատրաստ է բանակցությունների, բայց ցանկանում է, որ Ուկրաինան դա անի «ուժի դիրքերից»։
Զելենսկին ասել է, որ ամերիկյան ընկերություններին կառաջարկի բարենպաստ վերակառուցման պայմանագրեր և ներդրումային խթաններ։
«Նրանք, ովքեր օգնում են փրկել Ուկրաինան, հնարավորություն կունենան այն վերակառուցել իրենց բիզնեսներով՝ ուկրաինական բիզնեսների հետ միասին»։ Մենք պատրաստ ենք մանրամասն քննարկել այդ բոլոր հարցերը»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։