Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան միացել է միասնական եվրոպական էներգետիկ համակարգին
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան միացել է միասնական եվրոպական էներգետիկ համակարգին

Ուկրաինան միացել է Եվրոպայի միասնական էներգետիկ համակարգին։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ դա նշանակում է, որ Ուկրաինայի էներգահամակարգը պաշտոնապես միացել է Եվրոպական հաղորդման համակարգերի օպերատորների ցանցին (ENTSO-E):

«Ուկրաինան դարձել է «Էներգետիկ Եվրամիության» անդամ։ Ավարտվել է ուկրաինական և եվրոպական էներգահամակարգերի միավորումը: Հիմա մեր էլեկտրաէներգիան գնում է Եվրամիություն, իսկ եվրոպականը՝ Ուկրաինա։ Շնորհակալություն Եվրամիության բոլոր անդամներին, հատկապես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին և բոլոր նրանց, ում օգնությամբ մենք այսօր ունենք միասնական էներգետիկ համակարգ»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «Twitter» սոցիալական ցանցում գրել է, որ Մոլդովայի էլեկտրացանցը համաժամանակեցվելու է ԵՄ էլեկտրացանցերի հետ։

«Ուկրաինա, Մոլդովա և Եվրոպա. ընդհանուր արժեքներ, ընդհանուր էներգիա և համերաշխություն: Ես ողջունում եմ այսօր ձեռնարկված կարևոր քայլը, որն ուղղված է այս մութ ժամանակաշրջանում տներում ջերմությունն ու լույսը պահպանելուն՝ Ուկրաինայի և Մոլդովայի էլեկտրացանցերը ԵՄ ցանցերի հետ համաժամանակեցնելու միջոցով: Մենք կշարունակենք աշխատել նրանց էներգետիկ համակարգերի կայունացման ուղղությամբ»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։