Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ռոբերտ Ֆիցոյի հետ. «Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրոպական Միության ճանապարհին»
Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ռոբերտ Ֆիցոյի հետ. «Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրոպական Միության ճանապարհին»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուժգորոդում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Այս մասին հաղորդում է ուկրաինական մամուլը։

Ինչպես գրում է մեդիան, հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը Ռոբերտ Ֆիցոյի հետ զրույցը գնահատել է կարևոր։

«Շնորհակալություն այս այցի համար։ Մենք կարևոր զրույց ունեցանք։ Կարևոր է, որ մեր միջև այս երկխոսությունը գոյություն ունի։ Մենք այն շարունակելու ենք», – հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սլովակիայի վարչապետին տեղեկացրել է Ամերիկայի նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի, ինչպես նաև «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման արդյունքների մասին։

Միաժամանակ, Զելենսկու խոսքով, Սլովակիան աջակցում է Ուկրաինային ԵՄ-ի ճանապարհին։

«Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ էական զրույց ունեցա։ Մենք քննարկեցինք հիմնական թեմաները՝ սկզբունքային հարցերը Ուկրաինայի համար և սկզբունքային հարցերը Սլովակիայի համար։ Ես տեղեկություն փոխանցեցի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի, «ցանկացողների կոալիցիայի» առաջնորդների հետ մեր աշխատանքի մասին՝ խաղաղության խթանման, Ուկրաինայի անվտանգության և Եվրոպայի անվտանգության ճարտարապետության ապահովման նպատակով։ Սլովակիան չի մնա մի կողմում։ Վարչապետն ինձ պատմեց Չինաստանում ունեցած իր շփումների մասին։

Առանձին և կարևոր թեմա էր Եվրոպայի էներգետիկ անկախությունը․ ռուսական նավթը, ինչպես նաև ռուսական գազը, ապագա չունեն։ Սլովակիան աջակցում է Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին։ Սա շատ կարևոր է։ Մենք նաև կիսում ենք այն կարծիքը, որ Ուկրաինան և Մոլդովան պետք է միասին շարունակեն շարժվել ԵՄ անդամակցության ուղղությամբ։ Ոչ պակաս կարևոր է, որ երկկողմ համագործակցությունը՝ տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային հարցերում, այստեղ, մեր տարածաշրջանում, ուժեղացնում է մեր ժողովուրդներին և երկրներին։ Շնորհակալություն հանդիպման համար։ Կարևոր է, որ ունենանք այս երկխոսությունը, և մենք այն շարունակելու ենք», – գրել է Զելենսկին հանդիպումից հետո սոցիալական ցանցում։