Վլադիմիր Զելենսկի - Ես երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ՝ քննարկելու սպանությունների և պատերազմի ավարտի հետ կապված բոլոր մանրամասները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պատերազմի ավարտի հետ կապված բոլոր մանրամասները քննարկելու նպատակով։ Այս մասին Զելենսկին գրել է սոցիալական ցանցում։
Զելենսկու խոսքով՝ Դոնալդ Թրամփի հետ ունեցել է երկար և բովանդակային հեռախոսազրույց։ Զանգը սկզբում եղել է երկկողմ, սակայն այնուհետև միացել են նաև եվրոպացի առաջնորդներ։ Հեռախոսազրույցը տևել է ընդհանուր առմամբ մեկուկես ժամ, որից մեկ ժամը հատկացվել է Թրամփի և Զելենսկու երկկողմ զրույցին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան աջակցում է նախագահ Թրամփի առաջարկին՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ։
«Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ գործադրել առավելագույն ջանք խաղաղություն ապահովելու համար։ Նախագահ Թրամփը ինձ փոխանցեց տեղեկատվություն Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման և նրանց բանակցությունների հիմնական հարցերի մասին։ Կարևոր է, որ Ամերիկայի ուժը ազդեցություն ունենա իրավիճակի զարգացման վրա։ Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի առաջարկին՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ հանդիպման կազմակերպման վերաբերյալ։ Ուկրաինան ընդգծում է, որ հիմնական հարցերի քննարկումը հնարավոր է առաջնորդների մակարդակով, և դրա համար եռակողմ ձևաչափը հարմար է։ Երկուշաբթի օրը Վաշինգտոնում կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ՝ սպանությունների և պատերազմի ավարտի բոլոր մանրամասները քննարկելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարևոր է, որ եվրոպացիները ներգրավված լինեն բոլոր փուլերում՝ Ամերիկայի հետ միասին ապահովելու անվտանգության վստահելի երաշխիքներ։ Մենք քննարկել ենք նաև ամերիկյան կողմի դրական ազդակները Ուկրաինայի անվտանգության ապահովման գործընթացում մասնակցության վերաբերյալ։ Մենք շարունակում ենք մեր դիրքորոշումների համակարգումը բոլոր գործընկերների հետ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են մեզ»,- գրել է Զելենսկին։