Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխզիջումների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Ուկրաինայում կայանալիք համընդհանուր հանրաքվեով
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխզիջումների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Ուկրաինայում անվտանգության երաշխիքների, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքների՝ Դոնբասի և Ղրիմի հարցով համընդհանուր հանրաքվեի ժամանակ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի հանրային հեռարձակողի հետ հարցազրույցում:
«Պատասխանը շատ պարզ է: Մենք արդեն ամեն ինչ հասկանում ենք։ Մեզ չեն ընդունում ՆԱՏՕ, քանի որ վախենում են Ռուսաստանից: Այսքանը: Պետք է հանգստանանք, ասենք՝ «լավ, անվտանգության այլ երաշխիքներ»։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք ցանկանում են դառնալ անվտանգության երաշխավոր, որոնք, ցավոք, չեն կարող ապահովել մեր 100%-անոց անդամակցությունը Դաշինքին, բայց պատրաստ են անել այն ամենը, ինչ պետք է աներ ՆԱՏՕ-ն, եթե մենք Դաշինքի անդամ լինեինք։ Կարծում եմ՝ սա նորմալ փոխզիջում է»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ անվտանգության երաշխիքների հարցերը կքննարկվեն սահմանադրական փոփոխություններում և Ուկրաինայի օրենսդրության փոփոխություններում։
«Բոլոր բանակցային խմբերին բացատրում էի՝ երբ խոսում եք այս փոփոխությունների մասին, դրանք կարող են պատմական լինել, մենք ոչ մի տեղ չենք գնում, գնում ենք հանրաքվեի։ Մարդիկ պետք է ասեն և պատասխանեն փոխզիջումների այս կամ այն ձևաչափին։ Իսկ թե ինչպիսին կլինեն՝ սա արդեն մեր խոսակցության ու Ուկրաինայի ու Ռուսաստանի փոխըմբռնման խնդիրն է։ Ուստի, ամեն դեպքում, ես պատրաստ եմ գնալ ամեն ինչի, եթե իմ քայլը կլինի ժողովրդի հետ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։