Վլադիմիր Զելենսկի. Դեկտեմբերին Ուկրաինան և ԱՄՆ-ը պաշտպանության մասին համատեղ համաժողով կանցկացնեն
Դեկտեմբերին Ուկրաինան և ԱՄՆ-ը պաշտպանության մասին համատեղ համաժողով կանցկացնեն,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դեկտեմբերին կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ արդյունաբերության հատուկ համաժողովը, որին կմասնակցեն պաշտոնյաներ և իշխանության ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ապահովում են մեր պաշտպանությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ միջոցառումը կանցկացվի Վաշինգտոնում և կլինի Պաշտպանական արդյունաբերության ֆորումի շարունակությունը, որը սեպտեմբերին անցկացվել է Կիևում։
«Մենք ԱՄՆ-ի հետ ակտիվորեն առաջ ենք շարժվում զենքի համատեղ արտադրության հարցում։ Վաշինգտոն իմ այցի ընթացքում մենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվեցինք շատ կոնկրետ հարցերի շուրջ, որոնք մենք կարող ենք անել միասին, և դա, անշուշտ, կուժեղացնի ինչպես ամերիկացիներին, այնպես էլ ուկրաինացիներին և մեր գործընկերներին»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Կիևում կայացել է Պաշտպանական արդյունաբերության ֆորումը, և Ուկրաինայի նախագահը հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության դաշինք ստեղծելու մասին։