Վլադիմիր Զելենսկի. Բոլորը տեսնում են, որ Ռուսաստանի կողմից խաղաղության ուղղությամբ որևէ քայլ չի արվել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են պատժամիջոցներ, ճնշում և ուժ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել երկրներին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նա այս մասին ասել է ամենօրյա տեսաուղերձում։
Ըստ Զելենսկու՝ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Ռուսաստանը շարունակում է կյանքեր խլել։ Նրանց համար ո՛չ վերջնաժամկետներն են աշխատում, ո՛չ էլ սպասումները։ Նրանք չեն ցանկանում դադարեցնել սպանությունները։ Միակ բանը, որ նրանք փորձում են անել, Ուկրաինան ոչնչացնելն է։ Մենք հստակ հասկանում ենք սպառնալիքները։ Մեր բոլոր գործընկերները նույնպես հստակ հասկանում են սպառնալիքները։ Բոլորը տեսնում են, որ Ռուսաստանի կողմից խաղաղության ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։ Ահա թե ինչու են անհրաժեշտ պատժամիջոցները, անհրաժեշտ է ճնշումը, անհրաժեշտ է ուժը։ Առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի, աշխարհի բոլոր այն երկրների ուժը, որոնք ցանկանում են խաղաղություն և կայունություն միջազգային հարաբերություններում։ Եթե Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, ապա նրա տնտեսությունը պետք է կանգնեցվի», – ասել է Զելենսկին։