Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

21:53, 19.05.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Պեկին:

Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Ռուսաստանի առաջնորդի այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 19-20-ը։ Պուտինը Չինաստանում է գտնվում Սի Ձինփինի հրավերով։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու նախագահները քննարկումներ կանցկացնեն երկկողմ հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ երկու կողմերն էլ կփորձեն օգտագործել այս հնարավորությունը հարաբերություններն ամրապնդելու համար՝ աշխարհում առավել մեծ կայունություն հաստատելու նպատակով։ Բացի այդ, ինչպես հայտնի է, պաշտոնական այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի նաև Չինաստանի պրեմիեր Լի Ցյանի հետ և նրա հետ կքննարկի առևտրատնտեսական հարցեր։

«Ռոյթերսի» տեղեկություններով՝ սա Պուտինի թվով 25-րդ այցն է Չինաստան։ Նրանց փոխանցմամբ՝ այս տարի լրանում է չին-ռուսական ռազմավարական համագործակցության գործընկերության հաստատման 30-ամյակը և չին-ռուսական բարիդրացիության ու բարեկամական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

Բացի այդ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը համակողմանի գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ շուրջ 40 փաստաթուղթ կստորագրեն։

Նմանատիպ