Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի շահերի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի շահերի։
«Ցանկության դեպքում ամեն ինչ կարելի է անել։ Մենք երբեք չենք կորցրել այս ցանկությունը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխվում է, անփոփոխ են մնում միայն շահերը։
«Եթե մենք տեսնում ենք, որ իրավիճակն այնպես է փոխվում, որ այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություններ ու հեռանկարներ կան, մենք պատրաստ ենք դրան։ Խնդիրը ոչ թե մեր, այլ նրանց մեջ է, բայց դա չի լինի ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի»,- ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի հակառակորդները սրում են իրավիճակը, սակայն պետք չէ սպառնալ Երրորդ համաշխարհային պատերազմով։
«Գիտեք, պետք չէ որեւէ մեկին վախեցնել, սպառնալիքները շատ են, ավելանում են, եւ մենք տեսնում ենք, թե ինչ է անում մեր հակառակորդը, սրում է իրավիճակը։ Եթե դա այն է, ինչ նրանք ուզում են, այդպես էլ լինի: Մենք միշտ կհանդիպենք ցանկացած մարտահրավերի, միշտ: Երբ մեր ներկայիս հակառակորդները և հնարավոր գործընկերները վերջապես կլսեն, կհասկանան և կգիտակցեն դա, այն ժամանակ կհասկանան, որ անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել»,- ասել է ՌԴ նախագահը։