Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր
Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր։

Հռչակագրի համաձայն՝ Մոսկվան և Աստանան համաձայնել են պահպանել քաղաքական շփումների բարձր դինամիկա բոլոր մակարդակներում։ Ռուսաստանը կատարելու է Ղազախստանում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման հետ կապված պարտավորությունները։

Կողմերը նախատեսում են զարգացնել համագործակցությունը Բայկոնուրի տիեզերակայանի ուղղությամբ։ Նրանք ընդգծել են, որ «անթույլատրելի է անվտանգության ապահովումը ուրիշների հաշվին» և աջակցում են բազմաբևեռ համաշխարհային կարգի ձևավորմանը։ Հռչակագրի համաձայն՝ Ռուսաստանը և Ղազախստանը կողմ են Եվրասիայում հավասար և միասնական անվտանգության ճարտարապետության ստեղծմանը և պատրաստ են աշխատել ինտեգրացիոն գործընթացների ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների լիբերալացման վրա։

Ռուսաստանը և Ղազախստանը համաձայնել են ստեղծել պայմաններ էներգառեսուրսների անխափան տեղափոխման և համատեղ նախագծերի իրագործման համար։