Վիկտոր Օրբանն ասում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան վերադառնա բուֆերային պետության կարգավիճակին
Վիկտոր Օրբանն ասում է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան վերադառնա բուֆերային պետության կարգավիճակին: Բացի այդ, M1 հեռուստաալիքի եթերում Հունգարիայի վարչապետը մեղադրեց եվրոպացի առաջնորդներին ֆինանսական շահույթի համար հակամարտությունը երկարաձգելու մեջ:
Օրբանի խոսքով՝ Եվրոպան ագրեսիվ դիրքորոշում է ընդունում և հավատում է Ուկրաինայի ռազմական հաղթանակի հնարավորությանը: Նրա խոսքով՝ պատերազմը ձեռնտու է արևմտյան երկրների համար, և Բրյուսելի վերնախավը ակնկալում է շահել՝ հաղթելով Ռուսաստանին:
«Եվրոպացիները պատերազմ են ուզում: Մենք ուզում ենք խաղաղություն, հրադադար և անվտանգություն: Պատերազմի ցանկության հետևում փող է: Սկզբում նրանք Ուկրաինային փող տվեցին, ապա զենք, իսկ հիմա Ֆրանսիան և այլ երկրներ խոսում են զորքերի հնարավոր տեղակայման մասին», – ասաց Օրբանը:
Նա նաև մեղադրեց եվրոպացի և ամերիկացի առաջնորդներին, որ իբր պատրաստ են դրա համար վճարել ուկրաինական արյունով: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ուկրաինայի՝ ԵՄ-ին և դաշինքին ինտեգրվելու ձգտումը խախտում են պատմական պայմանավորվածությունները և սպառնալիք են ներկայացնում Մոսկվայի համար։
Օրբանի խոսքով՝ խաղաղության հասնելու միակ իրատեսական ճանապարհը Ուկրաինայի՝ բուֆերային պետության կարգավիճակին վերադառնալն է։
«ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը կհամաձայնվեն բուֆերային գոտում գործող սահմանափակ ուկրաինական զինված ուժերի թվաքանակի և հանդերձանքի վերաբերյալ, և երկու կողմերն էլ կերաշխավորեն, որ ոչ ոք այս բուֆերային պետությունը չի ենթարկի իր ազդեցությանը։ Միջազգային իրավունքը ճանաչում է այն միջոցները, որոնցով կարելի է ստեղծել նման երաշխիքային համակարգ», – ասել է նա։