Վենեսուելայում պետական հեղաշրջում տեղի չի ունենա և կանցկացվեն խաղաղ ընտրություններ. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի օրը հավաստիացրել է, որ երկրում բռնի ուժով իշխանափոխություն տեղի չի ունենա, հայտնում է Globovision-ը:
«Վենեսուելայում ապրիլի 22-ին, ինչ էլ որ լինի, կկայանան գաղտնի համընդհանուր քվեարկությամբ նախագահական ընտրությունները: Ոչ մի հեղաշրջում չի լինի, այստեղ ազատ ընտրություններ կկայանան, որոնցում վենեսուելացիները կընտրեն իրենց նախագահին», – ասել է Մադուրոն:
Նա նաեւ հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասուին վերաբացել Մայամիում՝ Ֆլորիդա նահանգ, գտնվող հյուպատոսությունը, որտեղ մեծ վենեսուելական համայնք է ապրում:
Հիշեցնենք, որ Մադուրոն 2018 թվականի փետրվարի 2-ին Սոցիալիստական կուսակցության հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարվեց Վենեսուելայի նախագահի թեկնածու:
Վերջին տարիներին հարավամերիկյան երկիրը սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում, որն ուղեկցվում է հիպերգնաճով, ազգային արժույթի արժեզրկմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների եւ դեղերի դեֆիցիտով: 2017 թվականին երկիրը մի քանի ամիս շարունակ ցնցում էին հակակառավարական ցույցերը, որոնց ընթացքում առնվազն 120 մարդ է զոհվել: