Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ներածական հանդիպում է ունեցել Վրաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ակիրա Իմամուրայի հետ:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, Վախտանգ Գոմելաուրին հաջողություն է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նրա աջակցությամբ կողմերի միջև առկա համագործակցությունն էլ ավելի կխորանա:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին՝ նախարարության կարողությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Հանդիպմանը Վախտանգ Գոմելաուրին կարևորել է նախարարության համագործակցությունը Վրաստանում Ճապոնիայի դեսպանության հետ՝ մարդու անվտանգության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի շահառուներից մեկը ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն է: Նախարարը նշել է նաև, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ ակտիվ համագործակցությամբ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ներկայացուցիչները վերապատրաստում են անցնում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են ապագա հարաբերությունների գերակա ուղղությունները: