«Վաշինգտոն Փոստ». Ուկրաինայի հարձակումը Կուրսկում խափանեց Ռուսաստանի հետ հրադադարի գաղտնի փորձերը
«Կուրսկում Ուկրաինայի հարձակումը կանխում է Ռուսաստանի հետ կրակի մասնակի դադարեցման գաղտնի փորձերը»,- հրապարակում է «Վաշինգտոն Փոստ» -ը։
Ամերիկյան հրատարակությունը գրում է, որ պատերազմող երկրներն այս ամիս Կատարում պետք է անուղղակի բանակցություններ վարեին էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու համաձայնագրի շուրջ։
Վկայակոչելով դիվանագետներին՝ հոդվածը նշում է, որ անուղղակի բանակցությունները քաթարցիների հետ, ովքեր հանդես են գալիս որպես միջնորդ և առանձին հանդիպում են ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ, տապալվել են Ուկրաինայի՝ Ռուսաստանի Կուրսկի շրջան անսպասելի ներխուժման պատճառով։
Հնարավոր պայմանավորվածության ու նախատեսվող գագաթնաժողովի մասին տեղեկություն չեղավ։
Բանակցությունների մասին տեղեկացված դիվանագետն ասել է, որ ռուս պաշտոնյաները հետաձգել են հանդիպումը Քաթարի պաշտոնյաների հետ այն բանից հետո, երբ Ուկրաինան ներխուժեց արևմտյան Ռուսաստան: Ռուսական պատվիրակության անդամների խոսքով՝ բանակցությունները չեն չեղարկվել, թեեւ որոշակի ժամանակ է անհրաժեշտ։
Չնայած Ուկրաինան ցանկանում էր իր պատվիրակությունը ուղարկել Դոհա, Կատարը մերժեց, քանի որ միակողմանի հանդիպումը շահավետ չէր համարում։
«Վաշինգտոն Փոստ»-ի հարցերին ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Դոհայում գագաթնաժողովը հետաձգվել է «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով», սակայն այն կանցկացվի օգոստոսի 22-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
Ավելի քան մեկ տարի է, ինչ Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի էներգացանցին թեւավոր հրթիռներով և անօդաչու սարքերով՝ անուղղելի վնաս հասցնելով էլեկտրակայաններին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինան անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ռուսական նավթային օբյեկտներին՝ հրդեհներ բռնկելով նավթավերամշակման գործարաններում, պահեստարաններում և ջրամբարներում: Ուկրաինական հարձակումները կրճատել են ռուսական նավթի արդյունահանումը մոտ 15 տոկոսով և բարձրացրել գազի գները ողջ աշխարհում։