Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Վրաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մուլմանի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, ներածական հանդիպմանը վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում Վրաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը գնալով կզարգանա:
Զրույցի ընթացքում վարչապետն ընդգծել է համավարակի դեմ պայքարում բարեկամ և գործընկեր երկրների կողմից ցուցաբերվող աջակցությունը և շնորհակալություն հայտնել Ավստրիային:
Ուշադրություն է դարձվել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման վրա, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) հետ հաջող համագործակցությանը:
Նշվել է համավարակի բացասական ազդեցությունը տարբեր ոլորտների, հատկապես զբոսաշրջության ոլորտի վրա: Վարչապետն ասել է, որ հետճգնաժամային տնտեսության վերականգնման փուլում, զբոսաշրջությունը Վրաստանի կառավարության համար կլինի գերակա ոլորտ, և ապագայում երկիրը ուրախությամբ ընդունելու է ավստրիացի այցելուներին:
Ավստրիայի դեսպանը վերահաստատել է Ավստրիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ:
Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում ավստրիացի դիտորդների ներգրավումը Եվրամիության դիտորդական առաքելությանը և շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին ՝ եվրաինտեգրման գործընթացում աջակցության համար: